Թիրոքսինային T4 փոխարինող բուժում

Հիպոթիրեոզից հնարավոր չէ վերջնականապես ձերբազատվել, սակայն կարելի է որոշակի բուժում նշանակել և, բազմաթիվ մարդկանց մոտ, լիովին վերահսկել այն: Հիպոթիրեոզը բուժվում է ՝ փոխարինելով հորմոնի այն քանակությունը, որը սեփական վահանաձև գեղձն այլևս չի կարողանում արտադրել: Սրանով ապահովվում է T4-ի և ԹՏՀ-ի նորմալ մակարդակն օրգանիզմում։ Սինթետիկ թիրոքսինային (որը կոչվում է նաև լևոթիրոքսին) հաբերը պարունակում են T4-ին նմանվող հորմոն, որը սովորաբար արտադրում է առողջ վահանաձև գեղձը։ Անհրաժեշտ է ընդունել սինթետիկ թիրոքսինը յուրաքանչյուր օր կյանքի ողջ ժամանակահատվածում։ Վահանաձև գեղձի արտադրած T4 հորմոնի պես այս սինթետիկ թիրոքսինի յուրաքանչյուր չափաբաժինը նույնպես ակտիվ է ձեր արյան մեջ շուրջ մեկ շաբաթ, որի շնորհիվ արյան մեջ T4-ի մակարդակը մնում է կայուն` այդպիսով օրգանիզմի բջիջներին անընդհատ մատակարարելով T4 ( հարկավոր է շուրջ 4 շաբաթ, որպեսզի թիրոքսինը լիարժեք դուրս գա օրգանիզմից ) :

Ով պետք է զբաղվի Ձեր բուժմամբ

Հիպոթիրեոզից տառապող  շատ մարդիկ կարող են արդյունավետ բուժում ստանալ իրենց ընտանեկան բժշկի կողմից: Հնարավոր է, որ բժշկական երկրորդ կարծիքի կամ պարբերական բուժխնամքի համար անհրաժեշտ լինի դիմել էնդոկրինոլոգի կամ վահանաձև գեղձի մասնագետի, եթե.

  • Ունեք բնածին հիպոթիրեոզ կամ  հիպոթիրեոզ առաջացնող մեկ այլ  ոչ հաճախ հանդիպող պատճառ
  • Հղի եք
  • Ունեք աուտոիմուն պոլիգլանդուլյար համախտանիշ` աուտոիմուն հիպոթիրեոզ, որը զուգորդվում է մեկ կամ մի քանի այլ աուտոիմուն ախտահարումներով, ինչպես օրինակ` 1 տիպի շաքարախտը, Ադդիսոնյան հիվանդությունը կամ ձվարանների վաղաժամ անբավարարություն
  • Ունեք մեկ այլ առողջական խնդիր, օրինակ` էպիլեպսիա, սրտային հիվանդություն կամ աղիների հիվանդություն, որը բացասաբար է ազդում հիպոթիրեոզի բուժման վրա
  • Չեք կարողանում սահմանել թիրոքսինի ճիշտ չափաբաժինը
  • Ունեք բազմաթիվ հարցեր և մտահոգություններ, որոնց թերապևտը չի կարող պատասխանել
  • Հիպոթիրեոզից տառապող մարդկանց մեծամասնությունը կարող է բուժվել ամբուլատոր պայմաններում` առանց որևէ հոսպիտալացման
Թիրոքսինի հաբերն ընդունելը

Ամենակարևորն այն է, որ դուք անմիջապես սկսեք բուժումը և հիշեք ընդունել հաբերը պարտադիր յուրաքանչյուր օր։ Ձեր բժիշկը կարող է նշանակել, որ հաբերն ընդունեք օրեկան նույն չափաբաժնով կամ տարբեր օրերին` տարբեր չափաբաժնով։ Բժշկի ցուցումներին հետևելու արդյունքում հնարավոր կլինի ճշգրտորեն գնահատել, թե ինչպես է օրգանիզմի ԹՏՀ-ն արձագանքում բուժմանը։ Թիրոքսինը փոխարինում է այն հորմոնը, որն այլևս չի արտադրում վահանձև գեղձը։ Թիրոքսինը նման չէ հակաբիոտիկներիին, որոնք ընդունում եք մեկ կամ երկու շաբաթ մինչև վարակն օրգանիզմում կբուժվի: Հիպոթիրեոզը վերահսկելու միակ միջոցը ձեր կյանքի ողջ ժամանակահատվածում յուրաքանչյուր օր հաբ
ընդունելն է։ Եթե որևէ պատճառով դադարեցնեք ընդունել հաբերը, ապա հիպոթիրեոզի ախտանշանները կրկին կդրսևորվեն։ Որոշ մարդիկ, ովքեր ունեն հիպոթիրեոզ առանց որևէ ախտանիշի, չեն ցանկանում հաբեր ընդունել, քանի որ իրենց ինքնազգացողությունը լավ է։ Այդուհանդերձ, նրանք նույնպես պետք է բուժում ստանան, քանի որ նրանց օրգանիզմի գործառույթները բացասական ազդեցության են ենթարկվում նույնիսկ եթե իրենք դա չեն զգում։

Խորհուրդներ թիրոքսինի հաբերն ընդունելու վերաբերյալ

Այս խորհուրդները կարող են օգնել ձեզ յուրաքանչյուր օր ընդունել հաբերը.

  • Յուրաքանչյուր օր ընդունեք հաբը նույն ժամին` շատերի համար արդյունավետ է լինում հաբն ընդունել առավոտյան առաջին հերթին կամ երեկոյան նախքան քնելը` դարձնելով սա օրակարգ։ Օրինակ, դուք կհիշեք, որ պետք է հաբ ընդունեք, եթե այն ընդունում եք նախքան ատամները մաքրելը կամ դրանից հետո։
  • Շատերը չեն կարողանում մտաբերել, թե արդյոք ընդունել են այդ օրվա հաբը։ Հաբերն ընդունելու ձեր օրակարգին առավել լավ հետևելու համար պահպանեք դրանք մի այնպիսի տուփի մեջ, որում շաբաթվա յուրաքանչյուր օրվա անվանումով նշում կա։ Սակայն ինչ տարա էլ օգտագործելու լինեք, այն ամուր փակեք, որպեսզի հաբերը պահպանվեն չոր վիճակում:
  • Դեղահաբերը պահեք այն սենյակում, որտեղ առավել հավանական է, որ կմտաբերեք ընդունել դրանք։ Ինչպես բոլոր դեղամիջոցները, այնպես էլ թիրոքսինը պահեք երեխաներից հեռու վայրում։
Ինչու է անհրաժեշտ մշտապես ընդունել նույն ապրանքանիշի թիրոքսին

Հայաստանում գրանցված են թիրոքսինի երկու ապրանքանիշեր: Յուրաքանչյուր ապրանքանիշ պարունակում է նույն ակտիվ բաղադրիչը, սակայն դրանք որոշակիորեն իրարից տարբերվում են պատրաստման եղանակով։ Եվ քանի որ նույնիսկ այս չնչին տարբերությունները ազդում են օրգանիզմում դեղամիջոցի ներծծան վրա, ԱՄՆ Սննդի և Դեղորայքի Հսկման Վարչությունը (FDA), որոշում է կայացրել, որ դրանք իրար չեն փոխարինում (մի դեղամիջոցը մյուսով փոխարինելը անվտանգ չէ): Եթե փոխարինում եք մի ապրանքանիշի դեղամիջոցը մեկ այլ ապրանքանիշի արտադրանքով, և նույնիսկ եթե պահպանում եք դեղամիջոցի չափաբաժինն անփոփոխ, ձեր օրգանիզմում այն այլ կերպ է ներծծվում և օրգանիզմն այլ կերպ է արձագանքում։ Սա նշանակում է, որ դեղամիջոցի փոփոխության դեպքում 6-ից 12 շաբաթ անց հարկավոր է ԹՏՀ հետազոտություն անցնել և գուցե դեղամիջոցի չափաբաժնի շտկում  առաջանա։  Թիրեոիդային ամերիկյան ասոցիացիան առաջարկում է, որ որոշակի ապրանքանիշի թիրոքսինին ընտելանալու դեպքում մշտապես օգտվեք այդ նույն ապրանքանիշից։ Ամեն անգամ դեղամիջոցը գնելիս համոզվեք, որ դեղատան աշխատակիցը ձեզ նույն ապրանքանիշի դեղամիջոց է տալիս։

Եթե չեք ընդունել դեղամիջոցի հերթական չափաբաժինը

Վտանգավոր չէ, եթե մոռացել եք ընդունել հերթական հաբը, քանի որ թիրոքսինը երկար ժամանակ է մնում արյան մեջ: Օրինակ, եթե կեսօրին հիշում եք, այդ առավոտյան մոռացել եք ընդունել ձեր հաբը, ապա այն այդ պահին ընդունեք։ Եթե ​​այսօր հիշում եք, որ նախորդ օրվա չափաբաժնով նախատեսված հաբը չեք ընդունել, ապա կարող եք երկու հաբ ընդունել մեկ օրվա կտրվածքով` հնարավորության դեպքում մեկը առավոտյան, իսկ մյուսը` երեկոյան։ Եթե սրտխառնոց եք ունենում և փսխում եք` հաբի դուրսբերմամբ, լրացուցիչ հաբ այլևս մի ընդունեք։ Սպասեք և ընդունեք հերթական չափաբաժինը հաջորդ օրը։

Այդուհանդերձ, եթե հղիության բերումով փսխում եք հաբը,  քանի որ առավոտյան սրտխառնոց եք ունենում, մեկ հաբ ընդունեք քնի ժամից առաջ, երբ ավելի քիչ հավանական է, որ սրտխառնոց կունենաք։ Շատ ավելի լուրջ է յուրաքանչյուր շաբաթ թիրոքսինի մեկ հաբ բաց թողնելը: Դրա վտանգավորությունը բացատրվում է նրանով, որ ձեր օրգանիզմը կարձագանքի դրան որպես պահանջվածից առավել քիչ չափաբաժնի ընդունում։ Օրինակ ՝ ենթադրենք, որ ձեզ օրեկան նշանակվում է 100 մկգ թիրոքսին; սա օրգանիզմում շաբաթվա կտրվածքով լրացնում է մինչև 700 մկգ թիրոքսին: Եթե ​​յուրաքանչյուր շաբաթ մեկ հաբ բաց եք թողնում, ապա ընդունում եք շաբաթվա կտրվածքով ընդամենը 600 մկգ կամ օրեկան 86 մկգ թիրոքսին: Եթե ​​յուրաքանչյուր շաբաթ երկու դեղահաբ եք բաց թողնում, ապա ընդունում եք շաբաթվա կտրվածքով ընդամենը 500 մկգ կամ օրեկան 71 մկգ թիրոքսին: Եթե մի քանի հաբ եք բաց թողնում, ապա մի փորձեք լրացնել բաց թողնված չափաբաժինը։ ​​Այս դեպքում պարզապես շարունակեք օրեկան ընդունել հաբերը և մտածեք, թե ինչպես կարելի է հիշել դրանք ընդունելու մասին։ Հետևեք, թե որքան հաճախ եք մոռանում ընդունել թիրոքսինային հաբերը, որպեսզի հաջորդ անգամ ստուգվի ԹՏՀ-ի մակարդակն օրգանիզմում։

Հղիության դեպքում

Եթե ​​հղիացել եք, շարունակեք ընդունել թիրոքսինը նշանակված չափաբաժնով։ Ըստ էության` հղիության դեպքում ձեզ առավել քան երբևէ անհրաժեշտ է թիրոքսին, քանի որ ձեզ և զարգացող պտղին ապահովում է T4-ով։ Հնարավորինս շուտ դիմեք ձեր բժշկին, եթե պարզել եք հղիության մասին կամ հնարավորության դեպքում նույնիսկ հղիանալուց առաջ։ Հղիության ընթացքում Դուք և ձեր բժիշկը միասին պետք է հոգաք ձեր և ձեր երեխայի առողջության մասին: Հղիության ընթացքում ձեր բժիշկը պետք է մի քանի անգամ ստուգի ԹՏՀ-ի մարդակը ձեր օրգանիզմում։ Հնարավոր է նաև բարձրացնել թիրոքսինի չափաբաժինը 30-ից 50 տոկոսով, քանի որ հղիության ֆիզիոլոգիական պահանջներից ելնելով` ձեր օրգանիզմին անհրաժեշտ է լինում առավել մեծ քանակությամբ T4։ Երեխայի ծնվելուց հետո ձեր օրգանիզմին անհրաժեշտ է լինում ընդունել նախքան հղիությունը նշանակված չափաբաժնով T4։ Մեծաթիվ մասնագետներ խորհուրդ են տալիս հղիանալու մտադրություն ունեցող կանանց կամ արդեն հղիացած կանանց հնարավորինս արագ հետազոտվել` պարզելու, թե արդյոք կան խնդիրներ վահանաձև գեղձի կողմից։ Եթե ​​հղիության ընթացքում ձեզ մոտ ախտորոշվում է հիպոթիրեոզ, ապա պետք է անհապաղ սկսեք թիրոքսին ընդունել և շարունակեք այն և բժշկական հետազոտություն անցնեք առնվազն յուրաքանչյուր 6-ից 8 շաբաթը մեկ, մինչև ծննդաբերելը: Ծննդաբերելուց հետո օրգանիզմում ԹՏՀ-ի մակարդակը թույլ կտա որոշել, արդյոք անհրաժեշտ է շարունակել բուժումը, թե ոչ։