Ախտորոշումը հիվանդությունը բացահայտելու «արվեստը» կամ գործընթացն է` ելնելով դրա նշաններից և ախտանիշներից։ Առողջապահության մասնագետը, որը որպես կանոն, բժիշկն է, հիպոթիրեոզի բնույթը և պատճառը պարզելիս կամ որոշելիս հաշվի է առնում մի քանի գործոն, ինչպես նաև հետևյալը.

  • Ձեր ախտանիշները ( ինքնազգացողության փոփոխություն ), բժշկական անամնեզը, ռիսկի գործոնները և ընտանեկան անամնեզը
  • Ֆիզիկական զննություն
  • Արյան թեստեր։ Ամենազգայուն թեստը ԹՏՀ կոնցենտրացիայի որոշումն է: Որոշ հանգամանքներում կարող են օգտակար լինել այլ թեստեր, ինչպիսիք են` ազատ T4-ը, ազատ T4-ի ինդեքսը և ընդհանուր T4-ը:
Փոփոխություններ առողջական վիճակում

Հիպոթիրեոզը հնարավոր չէ ախտորոշել բացառապես ախտանիշների հիման վրա: Հիպոթիրեոիդ բազմաթիվ ախտանիշներ տարածված գանգատներ են, որոնք կարող են ի հայտ գալ բնականոն կերպով գործող վահանագեղձ ունեցող շատ մարդկանց մոտ։ Այս ախտանիշները կարող են վկայել այնպիսի խնդիրների մասին, որոնք միգուցե կապված լինեն վահանաձև գեղձի հետ կամ առհասարակ բացառվի դրանց կապը գեղձի հետ։ Պարզելու համար, թե արդյոք ձեր գանգատները հիպոթիրեոզի ախտանիշներից  են, անհրաժեշտ է հասկանալ` ձեզ մոտ միշտ դրսևորվել են ախտանիշներ, թե այդ ախտանիշների բերումով զգում եք, որ ձեր ինքնազգացողությունը փոփոխվել է (ինչը կարող է հուշել հիպոթիրեոզի առկայության մասին):

Ընտանիքի և բժշկական անամնեզը

Հնարավորինս մանրամասն հաղորդեք բժշկին ձեր բոլոր տվյալները ընդունելության ժամանակ: Սա ներառում է տեղեկատվություն հետևյալի մասին՝

  • Ձեր ընդհանուր առողջական վիճակը, հատկապես առողջական վիճակի փոփոխությունները
  • Ձեր ընտանիքի առողջական տվյալները, հատկապես եթե մերձավոր ազգականը (օրինակ` ծնողը, տատը կամ պապը) ունի հիպոթիրեոզ կամ վահանաձև գեղձի որևէ այլ հիվանդություն
  • Վահանաձև գեղձի երբևէ տարած վիրահատությունը
  • Պարանոցի հատվածում ճառագայթային թերապիայի մասին տեղեկությունը, եթե երբևէ ընդունել եք քաղցկեղի բուժման նպատակով
  • Հայտնեք, եթե ընդունում եք հիպոթիրեոզ առաջացնող որևէ դեղամիջոց, օրինակ՝ ամիոդարոն, լիթիում, ինտերֆերոն ալֆա, ինտերլեյկին-2 կամ թալիդոմիդ:
Ֆիզիկական զննություն

Ձեր ախտանիշները և անամնեզը գրանցելու հետ մեկտեղ բժիշկը զննելու է ձեր վահանաձև գեղձը` պարզելու համար հիպոթիրեոզի մասին վկայող ֆիզիկական նշանները, ինչպիսիք են.

  • Չոր մաշկ
  • Այտուցվածություն
  • Իջած ռեֆլեքսներ
  • Սրտի կծկումների դանդաղացած հաճախականություն

Արյան մեջ ԹՏՀ-ի և T4-ի մակարդակը ստուգող թեստեր

Ձեր բժիշկը կարող է նշանակել հանձնել ստորև նկարագրված արյան թեստերից մեկը։

ԹՏՀ թեստ

ԹՏՀ-ն (թիրեոտրոպ հորմոն) ամենակարևոր և զգայուն թեստն է հիպոթիրեոզի ախտորոշման և մշտադիտարկման տեսանկյունից։ ԹՏՀ-ն արյան պարզ թեստ է, որի միջոցով ստուգվում է, թե ինչ քանակությամբ պետք է վահանձև գեղձը արտադրի T4 հորմոն։ Նորմայից չափից դուրս բարձր ցուցանիշը կարող է վկայել հիպոթիրեոզի առկայության մասին։

Ինչ է ԹՏՀ-ն (ԹԻՐԵՈՏՐՈՊ ՀՈՐՄՈՆ)

Վահանագեղձը պետք է «հրահանգ ստանա» առ այն, թե որքան թիրեոիդ հորմոն է անհրաժեշտ արտադրել։ Հորմոնների արտադրությունը կարգավորվում է մակուղեղի /հիպոֆիզի/ միջոցով։ Համակարգն աշխատում է հետադարձ կապի սկզբունքով.  մակուղեղում հատուկ տիպի բջիջները որոշում են, թե որ միջակայքում է օրգանիզմին անհրաժեշտ T4 հորմոնի քանակությունը։ Սա անվանվում է անհրաժեշտ նորմա։ Երբ արյունը հոսում է մակուղեղով, այս բջիջները չափում են T4 մակարդակը ՝ որոշելու, թե արդյոք դրանք անհրաժեշտ նորմայի սահմանում են: Հիպոֆիզի բջիջները «կապ են հաստատում» վահանաձև գեղձի հետ իրենց սեփական հորմոնը` ԹՏՀ-ն (թիրեոտրոպ հորմոն) ուղարկելով արյան հուն: Երբ T4 հորմոնի մակարդակը անհրաժեշտ նորմայի սահմանում է, մակուղեղը բավականաչափ ԹՏՀ է ուղարկում, որպեսզի դրդի վահանագեղձին շարունակել արտադրել նույն քանակությամբ T4: Եթե ​​T4-ի մակարդակը ցածր է, ապա մակուղեղն առավել մեծ քանակությամբ ԹՏՀ է ուղարկում` դրդելով վահանագեղձին առավել մեծ քանակությամբ T4 արտադրել: Որքան ցածր է T4 հորմոնի մակարդակը, այնքան ավելի բարձր է ԹՏՀ-ի մակարդակը։ Դիտվում է նաև հակառակ օրինաչափություն` որքան բարձր է T4 հորմոնի մակարդակը, այնքան ավելի քիչ ԹՏՀ է ուղարկվում մակուղեղից, որպեսզի վահանձև գեղձն արտադրի քիչ քանակությամբ T4 հորմոն։

Արյան թեստով ստուգված ԹՏՀ մակարդակը.

0.0-0.4 հիպերթիրեոզ կամ ընկճած ԹՏՀ

0.4-4.0 ԹՏՀ-ի նորմայի միջակայք

4.0-10.0 ենթակլինիկական հիպոթիրեոզ

10.00+ հիպոթիրեոզ

Լաբորատորիաների մեծ մասում ԹՏՀ-ի միջակայքի նորմա է համարվում 0.4 մՄ/լ-ից 4.0 մմՄ/լ  ցուցանիշը: Եթե ​​ԹՏՀ-ի ցուցանիշը 4.0 մՄ/լ-ից բարձր է ինչպես առաջին, այնպես էլ կրկնակի թեստի արդյունքում, ապա սա վկայում է հիպոթիրեոզի մասին: Մարդկանց մեծ մասի մոտ, որոնց վահանաձև գեղձը ֆունկցիոնալ առումով բնականոն է գործում, ԹՏՀ-ի ցուցանիշը 0.4 մՄ/լ-ի և 4.0 մՄ/լ-ի միջակայքում է։ Այս ցուցանիշը, սակայն, կարող է ցածր լինել հղի կանանց մոտ և միևնույն ժամանակ բարձր` տարեցների շրջանում։ Եթե ​​ձեր ԹՏՀ-ի ցուցանիշը 2,5-ից 4,0 մՄ/լ-ի սահմանում է, բժիշկը կարող է նշանակել արյան թեստ` թիրեոիդ պերօքսիդազի նկատմամբ հակամարմինները /ԹՊՕ հակամարմիններ/ ստուգելու նպատակով։ Եթե հակամարմիններն առկա են, ապա ​​հնարավոր է` ունեք աուտոիմուն թիրեոիդ խնդիր, որը հիպոթիրեոզի զարգացման ռիսկի գործոն է, և այս պարագայում անհրաժեշտ է առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ կրկնել ԹՏՀ-ի հետազոտությունը։ Դրական թեստի դեպքում կարիք չկա կրկին այն հանձնել։ Հնարավոր է, որ որոշ բժիշկներ հղիության հանգամանքով պայմանավորված` կրկին ուսումնասիրեն նախկին բացասական թեստը (թիրեոիդ պերօքսիդազի նկատմամբ հակամարմինները /ԹՊՕ հակամարմիններ)։

Հիշե՛ք. T4 հորմոնի մակարդակը նվազելուն զուգահեռ բարձրանում է ԹՏՀ-ի ցուցանիշը ( թիրեոիդ հորմոնի մատակարարումը նվազելուն պես դրա պահանջը մեծանում է ) : T4 հորմոնի մակարդակը բարձրանալուն զուգահեռ նվազում է ԹՏՀ-ի ցուցանիշը ( թիրեոիդ հորմոնի մատակարարումը աճելուն պես դրա պահանջը նվազում է ) ։ Գոյություն ունի մի բացառություն այս կանոնից, այն է` հիպոթիրեոզով բոլոր մարդկանց մոտ ԹՏՀ-ի ցուցանիշը բարձր է։ Եթե ​​մակուղեղի գործառույթը խաթարվում է, ապա այն դադարում է ԹՏՀ-ի բավարար քանակություն փոխանցել։ Այս դեպքում վահանաձև գեղձը, նույնիսկ ինքնին առողջ լինելով հանդերձ, բավարար չափով ԹՏՀ չստանալու պարագայում չի արտադրի բավականաչափ T4: Այս խանգարումը կոչվում է երկրորդական կամ կենտրոնական հիպոթիրեոզ և բարեբախտաբար հազվադեպ է հանդիպում։

T4 թեստեր

T4- ը (թիրոքսինը) արտադրվում է վահանաձև գեղձի կողմից: Ազատ T4-ը և ազատ T4 ցուցանիշը արյան պարզ թեստեր են, որոնք ԹՏՀ թեստի հետ համադրելու արդյունքում ցույց են տալիս, թե ինչպես է գործում վահանաձև գեղձը: