Հիպոթիրեոզը վահանաձև գեղձի հիվանդություն է: Եթե ձեզ մոտ ախտորոշվել է հիպոթիրեոզ, ապա նշանակում է, որ ձեզ մոտ առկա է վահանաձև գեղձի թերֆունկցիա/վահանաձև գեղձի անբավարար գործունեություն («հիպո» նշանակում է «քիչ» կամ «նորմայից ցածր»): Հիպոթիրեոզով հիվանդ մարդկանց մոտ վահանաձև գեղձը բավարար քանակությամբ վահանաձև հորմոն չի արտադրում, ինչն անհրաժեշտ է օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար։ Այս հորմոնի ցածր մակարդակն օրգանիզմում հանգեցնում է մի շարք գործառույթների խանգարմանը, որի արդյունքում դրսևորվող ախտանիշներից են մաշկի չորությունը, հոգնածության զգացումը, էներգիայի կորուստը և հիշողության հետ կապված խնդիրները: Քանի որ ախտանիշները բազմաբնույթ են և ոչ բնորոշ, հիպոթիրեոզի առկայությունն այդ պարագայում կարելի է ստուգել միայն ԹՏՀ-ի համար արյան պարզ թեստ հանձնելու միջոցով:

Ում մոտ է զարգանում հիպոթիրեոզ

Հիպոթիրեոզը վահանաձև գեղձի ամենատարածված հիվանդություններից մեկն է: Հիպոթիրեոզից տառապում են ողջ աշխարհով մեկ` անկախ տարիքից, սեռից, ռասայական պատկանելությունից, բարեկեցության և կրթության մակարդակից։ Ամերիկացիների մոտ 2-3 տոկոսը հիպոթիրեոզ է ունենում, իսկ 10-15% -ը` թեթև ընթացքի հիպոթիրեոզ։ Հիպոթիրեոզ ունեցողների կեսից ավելին տեղյակ չէ օրգանիզմում դրա առկայություն մասին։

Հիպոթիրեոզի զարգացմանը նպաստող գործոններ
  • Մերձավոր ազգական, օրինակ ծնողներից որև մեկը, տատը կամ պապը, ովքեր ունեն աուտոիմուն հիվանդություն
  • Հիպոթիրեոզը կարող է զարգանալ ցանկացած տարիքում, սակայն դրա զարգանալու ռիսկը մեծանում է տարիքի հետ
  • Հիպոթիրեոզը առավել տարածված է կանանց, քան տղամարդկանց շրջանում, և մեծամասամբ դիտվում է երիտասարդ կանանց, քան երիտասարդ տղամարդկանց մոտ: Հիպոթիրեոզի զարգացման ռիսկը մեծանում է հղիության ընթացքում, ծննդաբերությունից հետո և դաշտանադադարի շրջանում
  • Հիպոթիրեոզն առավել տարածված է սպիտակամորթների և ասիացիների մոտ` ի տարբերություն մյուս ռասաների և ազգությունների
  • Որևէ այլ աուտոիմուն հիվանդության առկայություն, ինչպես օրինակ` 1 տիպի շաքարախտը, ռևմատոիդ արթրիտը, ցրված սկլերոզը, ցելիակի հիվանդությունը, Ադդիսոնի հիվանդությունը, պերնիցիոզ սակավարյունությունը կամ վիտիլիգոն
  • Բուժում եք ստացել ռադիոակտիվ յոդով կամ ճառագայթային թերապիա եք ստացել պարանոցի կամ կրծքավանդակի վերին շրջանում
  • Վահանաձև գեղձի վիրահատություն եք տարել
  • Ունեք գենետիկ խանգարումներ` Դաունի համախտանիշ կամ Թըրների համախտանիշ
  • Ունեք երկբևեռ /բիպոլյար/ խանգարում (մոլագար դեպրեսիա)
Հիպոթիրեոզի ախտանիշները

Հիպոթիրեոզն ունի բազմաթիվ ախտանիշներ: Ախտանիշները լինում են տեսանելի, շոշափելի, դուք դրանք զգում եք։ Այս ախտանիշներից շատերը հաճախ կարելի է շփոթել առողջական այլ խնդիրների հետ: Երբ օրգանիզմում արտադրվող թիրեոիդ հորմոնի մակարդակը շատ ցածր է, օրգանիզմի բջիջները չեն ստանում բավարար չափով թիրեոիդ հորմոն, ինչն էլ հանգեցնում է նրան, որ օրգանիզմում գործընթացները դանդաղեն։ Օրինակ՝ խնդիրներ են առաջանում մարմնի ջերմակարգավորման առումով` մարմինն ավելի քիչ ջերմություն և պակաս էներգիա է ձևավորում, որի հետևանքով դանդաղում է ուղեղի և աղիների աշխատանքը։ Օրգանզիմի գործընթացները դանդաղելուն պես սկսում եք նկատել, որ ցրտի զգացողություն ունեք, հեշտությամբ հոգնում եք, ձեր մաշկը դառնում է ավելի չոր, դարձել եք մոռացկոտ և ընկճված, սկսել եք փորկապություն ունենալ:

Այսպիսով, հիպոթիրեոզը ոչ միայն նոր ախտանիշներ է առաջացնում, այլև կարող է այլ ախտանիշների սրացման բերել։ Հիպոթիրեոզի ախտանիշները սովորաբար դանդաղ են դրսևորվում` ամիսների կամ տարիների ընթացքում: Այդուհանդերձ, որոշ մարդկանց մոտ ախտանիշներն արագ են դրսևորվում` մի քանի ամսվա ընթացքում։ Ընդհանուր առմամբ, որքան ցածր է թիրեոիդ հորմոնի մակարդակն օրգանիզմում և որքան երկար ժամանակ է այն այդպես ցածր պահպանվում, այնքան ավելի սուր կդրսևորվեն ախտանիշները:

Ենթակլինիկական (հիպոթիրեոզի ավելի մեղմ ձևը) հիպոթիրեոզը կարող է դրսևորվել թեթև ախտանիշներով կամ առհասարակ ախտանիշներ չունենալ:

Ծանր հիպոթիրեոզը սովորաբար առաջացնում է ծանր ախտանիշներ: Որոշ մարդիկ արդեն բավականին ծանր վիճակում են լինում, երբ տրվում է նրանց ախտորոշումը, իսկ որոշների մոտ ախտանիշները բացակայում են կամ լինում են թեթև արտահայտված նույնիսկ եթե արյան ստուգման արդյունքում ախտորոշվում է սուր հիպոթիրեոզ։ Քանի որ ախտանշանները փոփոխական են, հիպոթիրեոզի առկայությունը հաստատապես ստուգելու միակ եղանակը արյան թեստ հանձնելն է։

Հիպոթիրեոզի ընդհանուր նշանները
  • Ավելի քիչ էներգիա
  • Առավելապես հոգնածության զգացողություն, առավոտյան արթնանալու դժվարություն, առավել երկար քնի կարիք և օրվա ընթացքում քնելու միտում
  • Ցրտի զգացում ի տարբերություն այլ մարդկանց
  • Քիչ քրտնարտադրություն
  • Չոր մաշկ, քոր
  • Ավելի չոր, կոշտ, ավելի փխրուն մազեր
  • Ավելի շատ մազաթափություն (տարբեր քանակով է դրսևորվում` ճաղատություն չի դիտվում, սակայն մազերը կարող են բարակ թվալ)
  • Ախորժակի կորուստ
  • Քաշի թեթև ավելացում (1-9 կգ) և քաշը կորցնելու դժվարություն (հիպոթիրեոզը չի առաջացնում ճարպակալում)
  • Հիշողության հետ կապված նոր կամ սրվող խնդիրներ, դանդաղ մտածողություն
  • Խռմփոց
  • Մկանային ջղակծկումներ և հոդացավեր
  • Ձեռքերում և ոտքերում թմրության նոր դրսևորվող զգացողություն (պարէսթեզիա)
  • Նոր դրսևորվող կամ սրացման միտում ունեցող փորկապություն
  • Հեղուկի կուտակման հետևանքով ուռածություն դեմքի (հատկապես աչքերի), ձեռքերի, կոճերի և ոտքերի շրջանում
  • Դաստակային թունելի համախտանիշ
  • Առավել առատ և (կամ) ավելի հաճախակի դաշտանային ցիկլեր, սուր ցավեր, նախադաշտանային ախտանիշների սրացում, կաթնանման արտադրություն կրծքից
  • Դյուրագրգիռություն
  • Նոր դրսևորվող կամ սրացման միտում ունեցող ընկճախտային տխրություն կամ բացարձակ անտարբերություն
  • Նոր դրսևորվող կամ սրացման միտում ունեցող խռպոտ ձայն
  • Նոր դրսևորվող կամ սրացման միտում ունեցող լսողության կորուստ
  • Խպիպ (հանգույց պարանոցի առաջային հատվածում, վահանագեղձի մեծացման հետևանքով)
  • Սրտի կծկումների հաճախականության դանդաղում
  • Արյան ավելի բարձր ճնշում
  • Խոլեսթերինի ավելի բարձր մակարդակ
  • Երեխաների շրջանում աճի հապաղում
Հիպոթիրեոզի պատճառները

Աուտոիմուն հիվանդություն

Իմունային համակարգը սովորաբար պաշտպանում է օրգանիզմը մանրէային և վիրուսային «զավթիչներից»: Աուտոիմուն հիվանդությունների պարագայում («աուտո» նշանակում է «ես») համակարգի իմուն պատասխանն ուղղված է մարմնի նորմալ մասի դեմ։ Աուտոիմուն հիպոթիրեոզի դեպքում իմունային համակարգը պատահմամբ գրոհում է վահանաձև գեղձի բջիջները։ Աուտոիմուն վահանագեղձի հիվանդությունն առավել տարածված է կանանց շրջանում։ Այն կարող է զարգանալ ցանկացած տարիքում, սակայն ծերանալուն զուգահեռ առավել տարածված է դառնում։ Կանանց մոտ այն հաճախ սկսվում է հղիության ընթացքում, ծննդաբերությունից հետո կամ դաշտանադադարի շրջանում: Պատճառը, հավանաբար, ժառանգական հակումի և առայժմ անհայտ որևէ խթանի համադրությունն է: Աուտոիմուն հիպոթիրեոզը կարող է զարգանալ հանկարծակի, սակայն մարդկանց մեծամասնության մոտ այն դանդաղ և տարիների ընթացքում է զարգանում: Աուտոիմուն հիպոթիրեոզի ամենատարածված ձևը կոչվում է Հաշիմոտոյի հիվանդություն։

Վահանագեղձի մասնակի կամ ամբողջական հեռացում վիրահատական եղանակով

Վահանագեղձի հանգույցներ, վահանաձև գեղձի քաղցկեղ կամ Գրեյվսի հիվանդություն ունեցող որոշ մարդկանց ցուցված է գեղձի մասնակի կամ ամբողջական հեռացում։ Հիպոթիրեոզն առաջանում է այն ժամանակ, երբ վահանաձև գեղձն ամբողջությամբ հեռացվում է, կամ երբ վիրահատությունից հետո պահպանված վահանաձև հյուսվածքն այլևս բնականոն կերպով չի գործում։

Ճառագայթային բուժում

Գրեյվսի հիվանդություն, վահանագեղձի հանգույցներ կամ  վահանաձև գեղձի քաղցկեղ ունեցող մարդկանց նշանակվում է ռադիոակտիվ յոդով բուժում ( I-131 ) ։ Ռադիոակտիվ յոդի ազդեցությամբ վահանաձև գեղձը քայքայվում է, ինչը կարող է հանգեցնել հիպոթիրեոզի: Ի լրումն, Հոջկինի հիվանդությունը, լիմֆոման, գլխուղեղի կամ պարանոցի քաղցկեղը բուժվում են ճառագայթային թերապիայով, ինչը նույնպես քայքայում է վահանաձև գեղձը և հանգեցնում հիպոթիրեոզի:

Բնածին հիպոթիրեոզ

Յուրաքանչյուր տարի մոտավորապես 4000 երեխայից մեկը ծնվում է առանց վահանաձև գեղձի կամ կիսով չափ ձևավորված վահանաձև գեղձով: Որոշ նորածինների մոտ վահանաձև գեղձի մի մասը կամ գեղձն ամբողջությամբ սխալ տեղակայում է ունենում (էկտոպիկ գեղձ)։ Որոշ նորածին երեխաների մոտ վահանաձև գեղձի բջիջները կամ դրանց ֆերմենտները բնականոն կերպով չեն գործում կամ դրանց վրա բացասական ազդեցություն են թողած լինում երեխայի մոր կողմից ընդունած դեղամիջոցները: Այլ երեխաների մոտ վահանաձև գեղձը որոշ ժամանակ կարող է բավարար չափով հորմոններ արտադրել, սակայն հետագայում` երեխայի մեծանալուն կամ չափահաս դառնալուն զուգահեռ գեղձը դադարում է բնականոն գործել։ Միացյալ Նահանգներում բոլոր երեխաների ծնունդից հետո հիպոթիրեոզի ստուգման նպատակով նմուշառում է կատարվում։

Թիրեոիդիտ

Թիրեոիդիտը վահանագեղձի բորբոքային հիվանդություն է։ Այն սովորաբար առաջանում է աուտոիմուն պրոցեսի (օրինակ՝ Հաշիմոտոյի հիվանդությունը, հետծննդաբերական թիրեոիդիտը կամ ասիմպտոմ թիրոիդիտը) կամ վիրուսային վարակի հետևանքով: Թիրեոիդիտի հետևանքով վահանագեղձը միանգամից դեպի արյան հուն է մատակարարում թիրեոիդ հորմոնի պահեստավորված ողջ քանակը, ինչի արդյունքում վահանաձև գեղձը կարճ ժամանակահատվածով դառնում է գերակտիվ (հիպերթիրեոզ): Պահեստավորված ողջ հորմոնը արտազատելուց հետո դիտվում է վահանաձև գեղձի ցածր ակտիվություն։ Վիրուսային թիրեոիդիտ ունեցող գրեթե բոլոր մարդիկ վերականգնում են վահանաձև գեղձի ֆունկցիան, սակայն աուտոիմուն թիրեոիդիտ ունեցող մարդկանց մոտ մեկ չորրորդը մշտական հիպոթիրեոզ է ունենում:

Դեղորայք

Որոշ դեղամիջոցների ազդեցության հետևանքով կարող է խաթարվել վահանաձև գեղձի` հորմոն արտադրելու ֆունկցիան, ինչն էլ հանգեցնում է հիպոթիրեոզի: Լիթիում պարունակող դեղերի հետևանքով մեծ մասամբ առաջանում է հիպոթիրեոզ: Հիպոթիրեոզ առաջացնող դեղամիջոցներից են ամիոդարոնը, ինտերֆերոն ալֆան և ինտերլեյկին-2-ը։ Նշված բոլոր դեղամիջոցները, ամենայն հավանականությամբ, հիպոթիրեոզ են առաջացնում այն մարդկանց մոտ, ովքեր աուտոիմուն վահանագեղձի հիվանդության տեսանկյունից գենետիկորեն թիրախավորված են: Հազվադեպ դեպքերում հիպոթիրեոզ է զարգանում արյան քաղցկեղի բազմակի միելոմա ունեցող մարդկանց մոտ, ովքեր բուժվում են թալիդոմիդով։

Չափազանց քիչ կամ չափազանց շատ քանակությամբ յոդ

Վահանաձև գեղձը պետք է սնուցվի յոդով թիրեոիդ հորմոն արտադրելու համար։ Յոդը օրգանիզմ է ներմուծվում սննդի, հիմնականում` կաթնամթերքի, հավի, տավարի կամ խոզի մսի, ձկնամթերքի և յոդացված աղի միջոցով: Յոդն այնուհետև արյան միջով ներմուծվում է վահանաձև գեղձ: Թիրեոիդ հորմոնի արտադրությունը նորմայի մեջ պահելու համար անհրաժեշտ է, որ օրգանիզմը ճիշտ քանակով յոդ ստանա։ Աշխարհի ոչ զարգացած երկրներում ապրող մարդկանց սննդակարգում բավարար քանակությամբ յոդ ներառված չէ։ Հիպոթիրեոզի ամենատարածված պատճառը ողջ աշխարհում յոդի պակասն է, չնայած ԱՄՆ-ում այն հազվադեպ է արձանագրվում որպես հիպոթիրեոզի պատճառ։ Յոդի չափազանց մեծ քանակությունը նույնպես կարող է առաջացնել հիպոթիրեոզ կամ բերել դրա սրացման։ Չափազանց մեծ քանակությամբ յոդ առկա է սննդային հավելումներում, որոնք պարունակում են լամինարիա /ջրիմուռի տեսակ/։ Այս հավելումների մեծ մասը վաճառվում է մարմնի քաշը նվազեցնելու մասով կեղծ խոստումով: Յոդը չափազանց մեծ չափաքանակով պարունակվում է ռենտգենյան ներկանյութերում, ամիոդարոնի պես դեղամիջոցներում և որոշ այլ հին սերնդի  խորխաբեր դեղեր (դեղամիջոցներ են, որոնք օգնում են մաքրել թոքերը և կոկորդը):

Հիպոֆիզի /մակուղեղի/ախտահարում

Հիպոֆիզը հրահանգում է վահանագեղձին, թե որքան թիրեոիդ հորմոն է անհրաժեշտ օրգանիզմին։ Եթե հիպոֆիզը վնասվում է որևէ վնասվածքի, ուռուցքի, ճառագայթային թերապիայի կամ վիրահատության հետևանքով, այն այլևս չի կարողանում վահանագեղձին ճիշտ հրահանգներ հաղորդել և արդյունքում գեղձը կարող է դադարել արտադրել բավարար քանակի հորմոն։