Թիրոքսին և մարմնի քաշի կորուստ

Հիպոթիրեոզը կարող է հանգեցնել քաշի որոշակի ավելացման` 2-ից 9 կգ սահմանում, սակայն չի առաջացնում ճարպակալում: Բոլոր նրանք, ում մոտ դիտվել է մարմնի ավելորդ քաշի զգալի ավելացում, պետք է պարզեն դրա իրական պատճառը։ Բուժումը թիրոքսինի ճիշտ չափաբաժնով սկսելու դեպքում քաշի հանկարծակի կորուստ չի դիտվում, սակայն նիհարելու փորձ նախաձեռնելու դեպքում առավել հեշտ է լինում քաշ կորցնել։ Նրանք, ովքեր մարմնի քաշից արագ ազատվելու մտադրությամբ ընդունում են թիրոքսինի չափազանց մեծ չափաբաժին, քաշի արագ կորստի հույս ունենալով, կարող են թուլացնել ոսկրամկանային համակարգի ամրությունը և վնասել սրտին, ինչը կարող է դժվարացնել ֆիզիկական վարժությունների կատարումը: Ավելին` թիրոքսինի բավականին բարձր չափաբաժինը կարող է առաջացնել սովի սուր զգացողություն։ Փաստորեն, մարմնի քաշը կորցնելու փոխարեն առավել հավանական է դառնում քաշի ավելացումը։ Նորմալ ԹՏՀ ունենալու դեպքում երբեք մի՛ ընդունեք թիրոքսինի հաբեր ՝ քաշի կորստի նպատակով:

Բուժման ոչ արդյունավետ տարբերակներ

Չինական խոտաբույսերը, սելենը, յոդ-տիրոսինային հավելումները, լամինարիան (ջրիմուռի տեսակ) և յոդի հարուստ պարունակությամբ բուսական այլ միջոցները, ըստ պնդումների, կարող են բուժել հիպոթիրեոզը, սակայն դա այդպես չէ։ Այն պահից, երբ վահանաձև գեղձի ֆունկցիան խաթարվում է, հավելյալ յոդի կամ այլ նյութերի ընդունումը չեն նպաստում գեղձի ֆունկցիայի բարելամանը։ Ըստ էության` յոդի չափազանց մեծ քանակությունը հնարավոր է վատթարացնի թե հիպոթիրեոզը, թե հիպերթիրեոզը: Դեռ ավելին` այս ամենը կարող է խոչընդոտ հանդիսանալ թիրոքսինով բուժում ստանալու համար։